Հայաստանի անցումը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի
«հովանոցի» ներքո անհնարին կդարձնի Ռուսաստանի Դաշնության հետ և ՀԱՊԿ-ի
շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։ Այս մասին ՌԴ
փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին։
Հարցազրույցի ամբողջական տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Անվտանգության ոլորտում Հայաստանի
ինքնիշխանության հետագա կործանումը և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ
արևմտյան նմուշներին անցումը ուղղակի անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի
շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,- ասել է նա։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը, արևմտյան նարատիվների ազդեցության տակ տեղի է ունեցել երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում։
«Երևանից գնալով ավելի հաճախակի են լսվում անհիմն քննադատություններ Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և գոյություն ունեցող անվտանգության համակարգի հասցեին: Դա, նվազագույնը, ոչ կառուցողական է և անհեռատես»,- կարծում է Գալուզինը։
Նրա կարծիքով՝ Երևանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին
համապատասխանում է հայ ժողովրդի ակնկալիքներին և ծառայում է Հարավային Կովկասում
խաղաղության ու կայունության պահպանման գործին։
«Ինչ էլ խոստանան արևմտյանները, որոնք
դրդեցին Հայաստանի իշխանություններին «սառեցնել» մասնակցությունը
Կազմակերպությանը, ՀԱՊԿ-ին, որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ,
այսօր գործուն այլընտրանքներ չկան»,- վստահ է ռուս դիվանագետը։
ՀԱՊԿ-ի պոտենցիալի ավելացման ուղղությամբ
աշխատանքները պլանաչափորեն առաջ են շարժվում՝ Երևանը թողնելով հետևում, հայտարարել
է ռուս փոխնախարարը։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Մոսկվան
բազմիցս և տարբեր մակարդակներով հստակորեն հայտնել է Երևանին անհանգստացնող
հարցերը քննարկելու իր պատրաստակամությունը։
«Ընդգծել ենք, որ Մոսկվան եղել և մնում է
հավատարիմ համալիր համաձայնագրերին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ
ընդհանուր ինտեգրացիոն կառույցների շրջանակում, չի հրաժարվել իր դաշնակիցների
հանդեպ ստանձնած պարտավորություններից: Սակայն մեր տարբեր նախաձեռնություններին
արձագանք այդպես էլ չենք ստացել»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Նրա խոսքով՝ Մոսկվան հույս
ունի, որ «Հայաստանի ղեկավարությունը կունենա բավականաչափ քաղաքական իմաստություն՝
հասկանալու Արևմուտքի խոստումների պատրանքայնությունը, Ռուսաստանի հետ
հարաբերությունների ծայրահեղ կարևորությունը՝ հանրապետության ինքնիշխանության,
անվտանգության և տնտեսական զարգացման տեսակետից»: